24 հունիսի 2021 - 13:24 AMT
Փաշինյան. Նոր ստանդարտ ենք սահմանել` ընտրությունների կեղծման էջն անշրջելիորեն փակված է

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, գործադիրի նիստում անդրադառնալով հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին, հայտարարել է, որ այդ հարցում նոր ստանդարտ է սահմանվել՝ արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է։

Նշելով տեղական և միջազգային դիտորդների գնահատականը՝ Փաշինյանն ասել է, որ 2018-ին մտայնություն կար, որ ընտրությունների արդյունքները նախապես բոլորի համար ակնհայտ էին և դրանք կեղծելու անհրաժեշտություն չկար, իսկ 2021թ․ հունիսի 20-ի ընտրությունները ամենաանկանխատեսելին էին։

«Շատ կարևոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքը, արժեհամակարգը», - ասել է նա։

Փաշինյանը նշել է նաև, որ ընտակաշառքի, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության վերաբերյալ հարուցված քրգործերը պետք է պատշաճ քննվեն։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։