«Իզմիրլյան» ԲԿ-ն շարունակում է բնականոն աշխատանքը։ Այդ մասին ասվում է բուժհաստատության հայտարարության մեջ։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը և կատարում իրենց առաքելությունը՝ ապահովելով մեր քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն։ Երեկ մեր բժիշկների կողմից եղան էմոցիոնալ որոշ արտահայտություններ կապված հարգարժան մեր տնօրենի՝ Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի կայացրած որոշման փաստի հետ:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ շարունակում ենք մեր աշխատանքը՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը՝ ակնկալելով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։
Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ցույց է՝ Արմեն Չարչյանի կալանավորման դեմ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ հունիսի 23-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրեց: Որոշման հրապարակումից հետո դատարանի մոտ հավաքված բուժաշխատողներից ոմանք ասել էին, թե քանի դեռ իրենց ղեկավարն անազատության մեջ է, հիվանդների չեն ընդունի,: