24 հունիսի 2021 - 18:32 AMT
Պուտինը Փաշինյանին շնորհավորել է հաղթանակի առթիվ․ Խոսել են գերիներից

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վերջինս Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման և դրանցում արձանագրած հաղթանակի կապակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և 2020-ի նոյեմբերի 10-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:

Տվյալ համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից ընդգծվել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է 14 հայ ռազմագերու դատավարությունը։ Նրանք մեղադրվում են «ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների համար»։

Բաքվում սկսվել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված երկու հայ ռազմագերներիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի և լյոշա Խոսրովյանի դատավարությունը, որոնց մեղադրում են առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ «գերիներին խոշտանգելու մեջ»։