25 հունիսի 2021 - 11:19 AMT
Չարչյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք կա

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Մեր պայքարը շարունակվում է»,- գրել է փաստաբանը։

Հունիսի 23-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվել է։

Ավելի վաղ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։

Չարչյանը մեղադրվում է ԲԿ աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի հետ այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն` տեսակցելու հիվանդանոց տեղափոխված Չարչյանին: