25 հունիսի 2021 - 12:21 AMT
Գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանն ընկերների հետ 43 օր շրջափակման մեջ էր

8 ամսվա ադրբեջանական գերությունից վերադարձած ժամկետային զինծառայող Էրիկ Խաչատրյանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո զինակից ընկերների հետ 43 օր Հադրութում մնացել է շրջափակման մեջ՝ մինչև որ նրանց գտել են ադրբեջանական բանակի զինծառայողները և գերեվարել։ Այդ մասին նա պատմել է Armlur-ին տված հարցազրույցում։

Մինչ պատերազմը Էրիկն ընդամենը 3 ամիս էր հասցրել ծառայել բանակում։ Նա ծառայում էր Ջաբրայիլում, սակայն, վերջին անգամ հոր հետ խոսելիս ասել էր, որ Հադրութում է։

Էրիկն ու ընկերները Հադրութի տներից մեկի տանիքում են եղել՝ ադրբեջանցիները հայտնաբերել են նրանց ու գերի վերցրել։ Գերեվարելուն պես նրանց անմիջապես Բաքու են տեղափոխել։

Էրիկ Խաչատրյանը Հայաստան է վերադարձել հունիսի 12-ին՝ 15 գերիների թվում, որոնց Ադրբեջանը վերադարձրել է Ակնայի ականապատ տարածքների քարտեզի դիմաց։

Նա պատմել է, որ ադրբեջանական գերության մեջ նրա հանդեպ վերաբերմունքն ընդհանուր առմամբ նորմալ է եղել։ Հայրենիք վերադառնալու մասին նրան հայտնել են հունիսի 12-ի առավոտյան։ Էրիկն ասել է, որ երբեք չի կորցրել հույսը, իսկ այժմ առողջության վերականգնմամբ է զբաղված։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գերությունից վերադարձած Էրիկն ու Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանը եղբայրներ են՝ Գասպարյան Էրիկն Ալբերտի մորեղբոր տղան է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։