25 հունիսի 2021 - 17:20 AMT
Արցախի ԱԺ խմբակցություններ․ Վտանգավոր են հայտարարությունները, որոնք կարող են սեպ խրել Արցախի և ՀՀ միջև

Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ վտանգավոր են այն հայտարարությունները, որոնք կարող են սեպ խրել Արցախի և Հայաստանի քաղաքացիների միջև։

Հայտարարության մեջ ասվում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը բոլորիս կանգնեցրել է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր մարտահրավերները հաղթահարելու, անվտանգության սպառնալիքները դիմագրավելու և պատերազմի հետևանքով ի հայտ եկած կենսական խնդիրների լուծման պարտադրանքի առջև:

«Մեզ համար գերական և թանկը հայրենիքն է, հայրենիքի պահպանումը, կորցրածի վերանվաճումը և արցախցու իրավունքի վերականգնումը հայրենի հողում ապրելու, զարգանալու և բարգավաճելու ուղղությամբ:

Պատերազմի ավարտից հետո նկատելի են բևեռացումներ, որոնք ուղեկցվում են պիտակավորումներով: Հանրության տարբեր շերտեր անհարկի վիրավորանքների թիրախ են դարձել. սպառնալիքներ են հնչում և հայի միասնականության ոգուն անհարիր երևույթներ դրսևորվում:

Մեր կողմից անընդունելի և դատապարտելի է ազգին համախմբող բարոյական և պետական հիմքերի խարխլումը, հասարակության մեջ ատելության և թշնամանքի սերմանումն ու հրահրումը, որի արդյունքում ի հայտ են գալիս արհեստածին, լարված իրավիճակներ: Հատկապես վտանգավոր են այն հայտարարությունները, որոնք կարող են սեպ խրել Արցախի և Հայաստանի քաղաքացիների միջև»:

Արցախի ԱԺ 5 խմբակցությունները կոչ են անում բոլորին իրենց կարծիքն ու մոտեցումները արտահայտելու գործում լինել հավասարակշիռ, հանդուրժող և հարգալից մոտեցում ցուցաբերել միմյանց նկատմամբ:

«Միասնականությունը մեր հայրենիքին պատուհասած այս դժվարին օրերին կարևոր շաղախն է մեր կորցրածը հետ բերելու, այս ծանր ճգնաժամը հաղթահարելու և ի վերջո ապագայի նկատմամբ հայ ժողովրդի հավատը վերականգնելու համար:

Համոզված ենք, որ խորհրդարանը, լինելով հանրության կողմից ձևավորված քաղաքական մարմին, կարող է ծառայել որպես երկխոսության լավագույն հարթակ հանրային պահանջները ներկայացնելու, ինչպես նաև քաղաքական և հասարակական կառույցների տեսակետները առարկայական դարձնելով և գործնականի վերածելու համար»,-ասվում է հայտարարության մեջ

Հունիսի 21-ին բողոքի ցույց է տեղի ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Նրանք պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ հունիսի 20-ին նրա այցը Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ դժգոհության մեծ ալիք է բարձրացել, գրում է «Առավոտը»։ Իսկ հունիսի 21-ին Արցախի նախագահը ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է, ինչը ևս մեծ հակասությունների ու դժգոհության ալիք է բարձրացրել։

Հունիսի 22-ին Վերածննդի հրապարակում իր աջակաիցների առջև ուղերձով է հանդես եկել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, որին հաջորդել է նրա հրաժարականի պահանջով հանրահավաքը։