«Իզմիրլյան» ԲԿ-ի և այլ բուժհաստատությունների մի շարք բուժաշխատողներ սպիտակ խալաթներով գլխավոր դատախազության շենքի մոտ էին՝ ի աջակցություն ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի։ Բժիշկները պահանջում էին վերացնել Չարչյանի կալանքը։
Նրանք բաց նամակ էին պատրաստել, որը ստորագրել է բժշկական համայնքի 539 ներկայացուցիչ։ Բժիշկներն այդ նամակը հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազությանը, արդարադատության նախարարությանը։ Այժմ նրանք կառավարության շենքի մոտ են, գրում է «Փաստինֆոն»։
ԵՊԲՀ դասախոս Ս. Սահակյանն ասել է, որ պրոֆեսոր Չարչյանի ընդունարանի մոտ այսօր 30 հիվանդ էր սպասում։ «30 հոգի նստած սպասում են և այդպես էլ չկարողացան հասկանալ, թե պրոֆեսոր Չարչյանն ինչպես կարող է մերժել ու իրենց չվիրահատել։ Իհարկե փորձեցինք բացատրել, հասկացնել, բայց եթե ես էլ իրենց տեղը լինեմ, ես էլ չեմ հասկանա»,-ասել է նա։
Բուժաշխատողները նամակը տանելու են նաև առողջապահության նախարարություն, որտեղից էլ կշարժվեն Բաղրամյան 26 և ՄԻՊ գրասենյակ։
Ավելի վաղ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։
Չարչյանը մեղադրվում է ԲԿ աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։