28 հունիսի 2021 - 14:16 AMT
Հնագետ․ Միտումնավոր դուրս են թողել ՀՀ-ն, հայկական քաղաքներն ու հայ մասնագետներին

Ակնհայտ քաղաքական մոտեցումներով Cities on the Edge: Exploring Late Antique urbanism in the Southern Caucasus (AD 300–600) գիտաժողովից միտումնավոր դուրս են թողնվել Հայաստանը, հայկական քաղաքները և հայ մասնագետները։ Այդ մասին տեղեկացրել է Դվինի հնագիտական արշավախմբի ղեկավար, Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, գրում է Monument Watch-ը։

«Ցավով և հիասթափությամբ տեղեկացնում ենք, որ Կովկասում տիրող նման ողբերգական իրավիճակում, ակնհայտ քաղաքական մոտեցումների ճանապարհ են բռնել և մեր մի շարք հարգարժան կոլեգաներ, նախաձեռնելով և միանալով Cities on the Edge: Exploring Late Antique urbanism in the Southern Caucasus (AD 300–600) գիտաժողովին, որտեղ միտումնավոր դուրս են թողնվել Հայաստանը, հայկական քաղաքները և հայ մասնագետները:

Հնարավոր չէ ներկայացնել Կովկասի քաղաքային մշակույթն առանց հայկական քաղաքների, հայկական սկզբնաղբյուրների և հետազոտողների: Բայց սա նաև մի նոր բան չէ: Ցավում եմ, որ իմ լավ բարեկամներ Լարա ֆաբիանը և Մուրթուզալի Գաջիեվը, որ ընդգրկված են մասնակիցների ցանկում, չեն ահազանգել ակադեմիական բարեվարքության նման աղաղակող խախտման մասին:

Խոսք է գնում ոչ թե թյուրիմացության, այլ մտածված կողմնորոշման մասին: Եթե անձնական շահագրգռվածությունն ավելի վեր է, քան գիտական բարեխղճությունը, իմաստ չունի դիմել, բացատրել կամ ազնվություն սպասել: Ցավում ենք և հիասթափված ենք»,-ասվում է հայտարարության մեջ։