30 հունիսի 2021 - 11:15 AMT
Քոչարյան․ Լինելու ենք արմատական ընդդիմություն՝ հանգիստ չենք թողնելու իշխանությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովում հայտարարել է, որ դաշինքը լինելու է արմատական ընդդիմություն և օգտագործելու է բոլոր հնարավորությունները, որը տալիս է ՀՀ օրենդրությունը, և հանգիստ չի թողնելու այս իշխանությանը։

«Վերադարձնելու ենք ժողովրդի հավատը՝ դեպի խորհրդարանական ընդդիմություն, քանի որ վերջին տարիներին խորհրդարանական ընդդիմությունը գործարքների էր գնում իշխանության հետ և այդ հավատը չկար»,- ասել է Քոչարյանը։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, ասել է, որ այս արտահերթ ընտրությունները ներքաղաքական ճգնաժամը լուծելու համար էին, բայց չծառայեցին նպատակին։

«Սա նշանակում է, որ չենք ունենալու պատասխաններ, թե ինչու ենք պարտվել, ինչու ենք զոհեր տվել, ինչպես ենք կորցրել Շուշին և Հադրութը։ Եվ այն կասկածները, որոնք եղել են՝ Ղարաբաղի դիմաց 5 մլրդ դոլար գործարքի մասին, մնալու են իբրև լուրջ կասկածներ»,-ասել է նա՝ հայտարարելով, որ 1․5 տարի հետո կրկին արտահերթ ընտրություններ կլինեն։

«Հասունանալու է նոր ընտրությունների պահանջարկը։ Մենք հանգիստ չենք թողնելու այս իշխանությանը, որը պատճառ դարձավ մեր պարտության, 5000 զոհերի, Հադրութի ու Շուշիի կորստին։ Իրենց հանգիստ չենք թողնելու, որովհետև իրենք չեն հասկացել այս ամենում իրենց մեղքը։ Մենք ցույց ենք տալու, թե ով է մեղավոր և ինչպես է այս ամեն ինչը կատարվել։ Այս արհավիրքն ինչպես է կախվել մեր երկրի գլխին։ Սա արհեստածին պատերազմ էր և մենք սա ապացուցելու ենք»,- ասել է Քոչարյանը։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։