2 հուլիսի 2021 - 11:25 AMT
ԱԻՆ փրկարարների թվային պատկերով քողարկող համազգեստը փոխարինվում է այլով

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների թվային պատկերով քողարկող համազգեստը փոխարինվում է այլով, տեղեկացնում է նախարարությունը։

Նշվում է, որ վերջերս մամուլում անդրադարձ կար ԱԻՆ ՓԾ տնօրենի և մեկ այլ ծառայողի կողմից «կամայական» կանաչ գույնի համազգեստ կրելու մասին:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2020-ին մի շարք միջազգային կազմակերպություններից առաջարկություններ էր ստացել թվային պատկերով քողարկող համազգեստը փոխարինել այլ համազգեստով՝ հաշվի առնելով, որ սահմանամերձ գոտիներում իրականացվող ծառայության ընթացքում տարաբնույթ հարցեր են առաջանում:

Փրկարար ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին ՀՀ կառավարության 2020թ. ապրիլի 30-ի N 668-Լ որոշման հավելված 1-ի 48-րդ կետով որոշում էր կայացվել քաղաքացիական պաշտպանության համազգեստի գույնը փոխել մուգ կանաչի:

Համազգեստը կարող են կրել քաղաքացիական պաշտպանության ծառայողները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և Փրկարար ծառայության տնօրենի հրամանով՝ այլ ծառայողներ:

Գործընթացը մեկնարկել է. առաջիկայում փրկարար ծառայողները փուլ առ փուլ կապահովվեն նշված համազգեստով: