2 հուլիսի 2021 - 13:48 AMT
Իրանից ժամանած թուրք վարորդի մոտ 97 կգ հերոին են գտել

Թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքն է բացահայտվել։ Իրանից «Ագարակ» պետական սահմանային անցակետով ՀՀ ժամանած Թուրքիայի քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարի մաքսային զննման արդյունքում մետաղական կոնստրուկցիաների միջից հայտնաբերվել են 97 կգ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 119 հատ փաթեթ։

Դրանք փաթեթավորված էին շագանակագույն ինքնակպչուն ժապավեններով։

Սա 2021-ին երկրորդ խոշոր բացահայտումն է ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից՝ վերջերս բացահայտված մոտ 36 կգ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի հայտնաբերման դեպքից հետո։ Հայտնաբերված հերոինի շուկայական արժեքը կազմում է 10-11 միլիոն դոլար:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՔՕ 267.1 հոդվածի 4-րդ մասով և 266 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որի շրջանակում Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է։

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցների մաքսանենգության հիշյալ դեպքով ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ։