2 հուլիսի 2021 - 17:21 AMT
Նախադպրոցական կրթության ոլորտում միասնական չափանիշներ կգործեն

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախադպրոցական կրթության պետական քաղաքականության միասնական չափանիշներ են սահմանվում։

Արդյունքում լիցենզավորման դաշտ են բերվում նախադպրոցական բոլոր ծառայությունները, այդ թվում՝ զարգացման կենտրոնները։

Այն կենտրոնները, որոնք նոր պետք է սկսեն իրենց գործունեությունը, կլիցենզավորվեն մինչև 2022-ի դեկտեմբերի 30-ը, իսկ գործող կենտրոնները պետք է դիմեն լիցենզիայի վերաձևակերպման օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում։ Վերաձևակերպման դեպքում պետական տուրք չի գանձվում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծն, ասել է, որ այն նպատակ ունի կարգավորել վերահսկողության մեխանիզմները նախադպրոցական կրթության ոլորտում։