2 հուլիսի 2021 - 19:09 AMT
«Պատիվ ունեմ» դաշինքը ևս դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

«Պատիվ ունեմ» դաշինքը ևս պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և դիմել է Սահմանադրական դատարան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։

«Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 184 Ա որոշումը և ընտրությունների արդյուքներն անվավեր ճանաչելու պահանջով»,-ասվում է գրառման մեջ։

Այսպիսով հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանը ստացել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ կապված 4 դիմում։

Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը, «Զարթոնք» կուսակցության դիմումը և «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը։