3 հուլիսի 2021 - 15:43 AMT
Բորել․ ԵՄ-ն ավելի ակտիվ պետք է լինի Հրվ․ Կովկասում

Եվրամիության արտաքին քաղաքականության գծով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն առավել ակտիվ պետք է լինի Հարավային Կովկասում։

Նա նշել է, որ վերջերս իր անունից Հարավային Կովկասի երկրներ էին այցելել Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի ԱԳ նախարարները։

«Ակնհայտ էր, որ այդ այցը կարևոր էր ԵՄ օրակարգին աջակցելու և ՀՀ և Ադրբեջանի կողմից դրական քայլերին հավանություն տալու առումով։ Ավելին, ես ողջունեցի Վրաստանի աջակցությունը, որի շնորհիվ Ադրբեջանն ազատ արձակեց 15 հայ գերու, իսկ Հայաստանը փոխանցեց ականապատ քարտեզները»,-ասել է նա։

Նա նշել է, որ նախարարները Հարավային Կովկասի երկրների ղեկավարներին 3 հիմնական ուղերձ են փոխանցել՝ ԵՄ-ն ձգտում է ակտիվ խաղացող լինել և նպաստել հակամարտությունների կարգավորմանը տարածաշրջանում, պատրաստ է զարգացնել երկկողմ հարաբերությունները, և հավատարիմ է Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակների ճկունությանն ու ներառականությանը։

Տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան էին այցելել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը։ Նրանց ուղեկցում էին նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը և Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Այցը լիազորված էր Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից և նպատակ ունի վերահաստատելու տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու ԵՄ պատրաստակամությունը: