3 հուլիսի 2021 - 16:00 AMT
Կոնդում հայ և ֆրանսիացի ճարտարապետները կքննարկեն թաղամասի բարեկարգումը

Ֆրանսիայի դեսպանությունը և Գյոթե կենտրոնը, համագործակցելով համալսարանների, հասարակական կազմակերպությունների և մշակութային օպերատորների հետ, ԿՈՆԴենսացված /«Kondensé / Kondensiarte Diversität»/ խորագրով փառատոնի շրջանակում հուլիսի 5-11-ը ներկայացնում են մշակութային և գիտական միջոցառումների շարք Կոնդ թաղամասում: Այդ մասին ասվում է դեսպանության հայտարարության մեջ։

«Զուգահեռաբար, 2021թ․ հուլիսի 10-ին կանցկացվի քննարկումների օր, որը Կոնդի բարեկարգման նախագծերի շուրջ կհամախմբի հայ և ֆրանսիացի ճարտարապետների, քաղաքաշինարարների, դասախոսների և ուսանողների՝ Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի դասախոս և ճարտարապետ Սյուզան Մոնոյի ղեկավարությամբ և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնակցությամբ։

Քննարկումների օրվան կնախորդի հուլիսի 6-ից մեկնարկած Կոնդի բարեկարգման նախագծերի շրջիկ ցուցահանդեսը, որը կմեկտեղի ՃՇՀԱՀ-ի և ENSAL-ի մագիստրոսական առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների, ինչպես նաև Լիոնի քաղաքաշինության գործակալության և «Երևաննախագիծ» ինստիտուտի կողմից մշակված նախագծերը, այսպիսով համատեղելով ֆրանսիական և հայկական տարբեր մոտեցումները և տեսակետները Կոնդ թաղամասի զարգացման հնարավորությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։

Երևանի պատմական Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթ է հայտարարվել։ Հայտի գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը, իսկ մինչև հունիսի 10-ը պետք է ներկայացնել հայեցակարգը: Մրցույթը բաց է բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ամբողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային կառուցապատման, վերականգնման ծրագրեր իրականացնելու փորձ: