7 հուլիսի 2021 - 14:40 AMT
Կոպիրկին․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների տեղակայման շուրջ առարկայական քննարկումներ են տարվում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ առարկայական քննարկումներ են ընթանում։ Այս մասին ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Գիտեք, որ ռուս սահմանապահներն արդեն Սյունիքում են: Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում արդեն տեղակայված են ռուս սահմանապահներ, որոնք օգնում են իրավիճակի կայունացմանը», - ասել է Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է այնպես անել, որ տեղի բնակիչները հնարավորինս հարմարավետ զգան իրենց նոր ու անսովոր պայմաններում, գրում է Sputnik Արմենիան։

Սահմանի երկայնքով, այդ թվում ՝ Գեղարքունիքում, սահմանապահների տեղակայման վերաբերյալ Կոպիրկինը նշել է, որ քննարկվում է ռուսական ներկայության ընդլայնման հարցը։

«Այդ հարցի շուրջ ընթանում են առարկայական քննարկումներ և խորհրդակցություններ՝ ներառյալ գործնական առումով: Կարծում եմ, որ ամեն ինչ որոշվելու է Հայաստանի անվտանգության շահերից ելնելով, սահմանին կայունության ապահովման և եռակողմ պայմանավորվածությունների կատարման տեսակետից»,- ասել է դիվանագետը։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր հերթին ասել է, որ ռուս սահմանապահների որոշ ներկայացուցիչներ մարզում ֆիքսում են որոշակի վայրեր, որպեսզի տեղակայվեն՝ օրերի հարց է,գրում է «Փաստինֆոն»։

Սանոսյանը տեղեկացրել է, որ պատերազմից հետո արոտավայրերի և խոտհարքերի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել։

«Կան տարածքներ, որտեղ որոշակի դժվարություններ կա դրանք օգտագործելու՝ հատկապես մայիսի 13-ից հետո։ Կան վայրեր, երբ մեր բնակիչները պետք է խոտը հավաքելու պրոցեսով զբաղվեն, բանակային կորպուստը լրացուցիչ ուժեր է դնում, որպեսզի բնակիչներն ավելի ապահով զգան և կարողանան հավաքելու պրոցեսն անել»,- ասել է նա։

Մարզպետը հույս ունի, որ երրորդ կողմի ներկայության պարագայում բնակիչները կկարողանան ավելի հանգիստ աշխատել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել և հայկական կողմից 2 վիրավոր կա։ Այդ մասին հայտնել էր ԶՈւ գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ խոսելով 1 վիրավորի մասին։ Իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրել էր, որ հայկական կողմը 2 վիրավոր ունի։