Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարծում է, որ այն համայնքապետերը, որոնք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «խայտառակ պարտություն կրեցին իրենց համայնքներում», ինքնակամ պետք է հեռանան, գրում է «Առավոտը»։
Մարզպետն այս մասին ասել է մարզի Շողակաթ համայնքում կազմակերպված ասուլիսում:
«Տեսեք, այդ երևույթը ես չեմ ուզում շատ մեկնաբանել, բայց կարծում եմ՝ հետևյալն է: Կան մարդիկ, որոնք կարծում էին, որ ընտրություններով աշխարհն ամբողջովին փոխվելու է և հենց իրենք իրենց համայնքում իրենց բնակիչների նկատմամբ անհասկանալի վարք էին դրսևորում: Եվ կարծում եմ՝ այ այդպիսի մարդիկ, որոնք վերջում խայտառակ պարտություն կրեցին իրենց համայնքներում, էդ մարդիկ ուղղակի ինքնակամ պետք է գնան»,-ասել է նա:
Հարցին, թե Գեղարքունիքի մարզում կա՞ն նման համայնքներ և համայնքապետեր, ու արդյոք մարզպետը նրանց հորդորել է հրաժարական տալ՝ Սանոսյանը պատասխանել է. «Չունենք մենք այդպիսի պրոցես, բայց ունենք այնպիսի համայնքապետեր, որոնք եթե մի քիչ խորը մտածեն, իրենք այլևս անելիք չունեն այդտեղ»:
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%: