Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, անդրադառնալով իրանական սոցցանցերում շրջանառվող լուրերին` պատվաստավելու համար ՀՀ շտապող իրանցիների մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ժամանակն է մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին։
«Տուրիզմի 319 % աճն էլ կլինի, ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների: Լավ ժամանակն է մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին»,-ասվում է գրառման մեջ։
ՔՊ-ական Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկերներ է հրապարակել Մեղրիի մաքսակետից, որտեղ հազարավոր իրանցիներ են հավաքվել։
«Մեղրիի մաքսակետում հավաքված են քանի հազար իրանցիներ, որոնք ցանկանում են 15 հուլիսից առաջ մտնել Հայաստան և կորոնավիրուսի դեմ անմիջապես պատվաստվել։ Լուրերը հաղորդում են իրանական սոցցանցերը և պարսկալեզու ԶԼՄ-ները. զարմանալի է, որ հայկական ԶԼՄ-ներից ոչ մեկը տեղում հաղորդում չի պատրաստում»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հուլիսի 15-ից Հայաստանում զբոսաշրջիկների պատվաստման կարգում փոփոխություններ կիրականացվեն՝ նրանք կկարողանան պատվաստվել ՀՀ-ում առնվազն 10 օր մնալու դեպքում և միայն Երևանի կենտրոնական փողոցներում տեղակայված շրջիկ կետերում։ Այդ մասին լրագրողներին է հայտնել առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։