12 հուլիսի 2021 - 10:35 AMT
Ալեն Մարգարյանը հետմահու Արցախի հերոսի կոչում է ստացել

44-օրյա պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Ալեն Մարգարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոսի» բարձրագույն կոչման:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետական պարգևը՝ «Ոսկե արծիվ» շքանշանը, օրերս հանձնել է Ալենի հարազատներին, ասվում է նախագահի ֆեյսբուքյան էջում։

«Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Իսկ մարտի դաշտում կատարած սխրագործություններն ու հայրենի հողը կյանքի գնով գիտակցաբար պահելու նրա որոշումը միմիայն հայրենասիրության բացառիկ դրսևորում կարելի է համարել:

Խոնարհումս հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր բոլոր հերոսների պայծառ հիշատակին: Ալենի և իր նահատակ ընկերների՝ մեզ թողած պատգամը մեկն է՝ անել առավելագույնը զորացնելու համար մեր Հայրենքիը…»,-ասվում է գրառման մեջ։