12 հուլիսի 2021 - 11:43 AMT
Արսեն Ջուլֆալակյանն ավարտում է կարիերան

Հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ երջանիկ է, որ հնարավորություն է ունեցել բարձր պահել Հայաստանի պատիվը։

«Ահա և վերջ… Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է: Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին:

23 տարի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի, Աշխարհի գավաթակրի, Օլիմպիական փոխչեմպիոնի նվաճված տիտղոսներ, աննկարագրելի զգացողություններ, անթիվ-անհամար հիշողություններ…

Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել Հայոց Հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Այդ զգացումն ուղղակի անկրկնելի է:

Իրականում շատ երկար կարելի է արտահայտվել, բայց կբավարարվեմ միայն շնորհակալական խոսքով, իսկ ավելի ծավալուն կխոսեմ մամլո ասուլիսի և հարցազրույցների ձևաչափով: Առաջին հերթին շնորհակալ եմ ընտանիքիս և այն մարզիչներիս, ովքեր անշահախնդիր և իրապես նվիրվեցին այս ծանր գործին:

Ձեր շնորհիվ միայն հնարավոր եղան այս մեծ նվաճումները: Շնորհակալ եմ ընկերներիս,ովքեր անկախ իրավիճակից, երբեք չլքեցին ինձ: Իհարկե, այդ շրջանակը լրջագույն ֆիլտրացիայի ենթարկվեց»,-ասվում է գրառման մեջ:

Ջուլֆալակյանը նաև շնորհակալություն է հայտնել գերմանական KSV Aalen 05 և ֆրանսիական C.P. Besançon ակումբներին, որոնցում ընդհանուր առմամբ 9 տարի է հանդես եկել:

«Շնորհակալություն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին և երջանկահիշատակ սպորտի նախարարությանը՝ աջակցելու և գնահատելու համար արված աշխատանքը: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուրախացել և տխրել են իմ հաղթանակներով և պարտություններով:

Հպանցիկ նշեմ նաև չարախոսներին և վատաբանողներին: Կեցցե՛ք, ձեր քայլերով և ձեր առողջության հաշվին մոտիվացրեցիք ինձ և տվեցիք այն սպորտային ագրեսիան,որը երբեմն կարող էր պակասել: Շարունակե՛ք նույն ոճով:

Եվ իհարկե, շնորհակալություն սպորտային անաչառ լրագրողներին, ովքեր այդ ամենը լուսաբանեցին»,-ասվում է գրառման մեջ:

Ջուլֆալակյանն իր մարզական կարիերայի ընթացքում Օլիմպիական 3 խաղի ուղեգիր է նվաճել (Պեկին, Լոնդոն, Ռիո), Լոնդոն 2012-ի արծաթե մեդալ, Աշխարհի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ, Եվրոպայի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ, Աշխարհի գավաթի ոսկե և բրոնզե մեդալ, Ունիվերսիադայի բրոնզե մեդալ։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով։