13 հուլիսի 2021 - 10:47 AMT
Էռնեկյանը՝ Փաշինյանին․ Հակված ենք լայնածավալ ներդրումներ անել ՀՀ-ում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին:

Վերջինս շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ և նշել, որ հակված են մեծ, լայնածավալ ներդրումներ կատարել Հայաստանում։

Իր խոսքում Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ձեր ներդրումային տրամադրությունները, կարծում եմ, կանխորոշում են նաև ընդհանուր ներդրումային տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում:

Մեր կառավարությունը վերահաստատել է իր ունեցած մանդատը «Ապագա կա» կարգախոսի ներքո: Եվ հույս ունեմ, որ Ձեր աշխատանքային օրակարգն ու տրամադրությունը ևս ուղղված է հենց մեր երկրի տնտեսական լավատեսությունը և ապագայի նկատմամբ հավատը վերականգնելուն: Այստեղ Ձեր անձնական դերակատարումը շատ կարևորում ենք»:

Իր հերթին, Էռնեկյանը նշել է. «Չէի ուզում, որ երկար ժամանակ անցներ, ուզում էի հնարավորինս արագ գալ և Ձեզ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, որովհետև դա շատ կարևոր է, և մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակին:

Մենք Հայաստանում տարբեր ոլորտներում ենք ներդրումներ իրականացնում: Եվ հակված ենք շարունակել, կատարել մեծ, լայնածավալ ներդրումներ Հայաստանում: Հիմա բանակցություններ ենք վարում մի բանկի հետ: Տեսնում ենք ՀՀ-ում տուրիզմի բնագավառի լավ աճ, և բարեբախտաբար, շուտով նոր ներդրում կառաջարկենք օդանավակայանաշինության բնագավառում: Իմ զարմիկ Մարտինը, ով ներկայումս ղեկավարում է այդ ամենը, շատ շուտով կժամանի Հայաստան, որպեսզի կապ հաստատի այն անձի հետ, ում Դուք կնշեք, բնականաբար, քննարկելու ներդրումային ծրագիրը»։

Փաշինյանը և էռնեկյանը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։

Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։

Գործարար Էռնեկյանը Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար արժանացել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչման։