13 հուլիսի 2021 - 12:33 AMT
Էրդողանը սադրանք է որակել հայկական Սբ Թագավոր եկեղեցու պատին պարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սադրանք է որակել Ստամբուլում հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատին պարեր կազմակերպած տղամարդկանց հետ կապված միջադեպը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ստամբուլում թուրքերը պղծել են հայկական եկեղեցին՝ 3 տղամարդ պարել է հայկական Սուրբ Թագավոր տաճարի պատին, որին խաչ է տեղադրված։ Խաչի ֆոնին պարող տղամարդկանց մասին տեսանյութը տարածվել է սոցցանցերում։

«Կրոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է եկեղեցու մոտ, գնահատում եմ որպես մեր միասնության դեմ ուղղված սադրանք», - ասել է էրդողանը հեռուստաուղերձում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է եկեղեցու պատին պարած տղամարդկանց։ Նշվում է, որ միջադեպի ժամանակ տղամարդիկ եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Սկսվել է հետաքննություն։

Ստամբուլի քաղաքապետարանը, ինչպես նաև իշխող Արդարության և զարգացման կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, դատապարտել են անարգանքի այդ ակտը։

Photo. Reuters