17 մարտի 2009 - 21:29 AMT
Երեւանում ավարտվել է «Գործիքային կատարում» անվանակարգում Հայաստանի նախագահի մրցանակի եզրափակիչ փուլը
Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի մշակութային ծրագրերի շրջանակում Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տանը կայացավ դասական երաժշտության «Գործիքային կատարում» անվանակարգում Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի եզրափակիչ փուլը: Մրցույթին մասնակցեցին առաջին փուլը հաղթահարած կատարողները` «Լինոս» լարային քառյակ (ջութակ` Ջեմմա Աբրահամյան, Լուսինե Աղաբաբյան, ալտ` Լիլիթ Մխիթարյան, թավջութակ` Աշխեն Գասպարյան), դաշնակահարուհի Արուս Աճեմյանը, ջութակահարուհի Մերի Խոջայանը, Մանե Հարությունյանը (հոբոյ) եւ Նարեկ Հարությունյանը (կլարնետ): Հաղթողի անունը հայտնի կդառնա մայիսի 15-ին, երբ Հանրապետության նախագահը կհաստատի ժյուրիի կողմից ներկայացրած թեկնածուին, որին էլ կհանձնվի մրցանակը:


Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակը շնորհվում է 2005 թ.-ից` Պողոսյան հիմնադրամի հովանավորությամբ: Ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցում են երգեցողության ու գործիքային կատարման անվանակարգերի համար դիմած 18-27 տարեկան երիտասարդ կատարողները: Հաղթողներին շնորհվում է վկայագիր, շքանշան եւ 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ծրագրի համակարգման եւ կազմակերպչական աշխատանքները կատարում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:


«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանի հավաստմամբ` այս մրցույթային ծրագրերի միջոցով Հիմնադրամը նպատակ ունի հայտնաբերել ու հանրությանը ճանաչելի դարձնել տաղանդավոր հայ երիտասարդներին, որոնք առաջիկայում կհանդիսանան մեր մշակույթի դեսպաններն արտերկրում եւ օտար հանդիսատեսին կգերեն իրենց յուրահատուկ կատարումներով: