Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով ջրի իրավունքին, նշել է, որ արդեն 5 տարուց ավելի է՝ ադրբեջանցի զինծառայողները փոխել են Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը, այն այլևս չի միախառնվում գետին:
«Այդ պատճառով օգոստոսից սկսած՝ Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լուրջ խնդիրներ են առաջանում՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ»,- ասել է Թաթոյանը, գրում է Factor.am-ը։
Նա նշել է, որ ջրի իրավունքը ՄԱԿ-ի կողմից ճանաչված մարդու հիմնարար իրավունքներից է հատկապես այս հարյուրամյակի համար:
«Ունենք լայն հնարավորություններ այս հարցերը ՄԱԿ-ում, ԵԽ-ում ներկայացնելու համար»,-ասել է նա:
ՀՀ տարբեր մարզերում սակավաջրության հետ կապված խնդիրներ են առաջացել, մասնավորապես, Շիրակի և Արմավիրի մարզերում։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով սակավաջրության խնդրին, հայտարարել է, որ 2021-ին Հայաստանի գետերի ջրատվությունը 80%-ով նվազել է:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել: