14 հուլիսի 2021 - 13:39 AMT
ՊԲ-ն հերքում է Բաքվի ապատեղեկատվությունը․ Չենք կրակել Շուշիի մոտ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-21:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, շարունակում են հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և չեն դիմում իրավիճակն ապակայունացնող գործողությունների»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ տեղեկացրել էր, որ հուլիսի 13-ի երեկոյան Շուշիի մոտակայքում հրաձգություն է եղել։

«Արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են»,-գրել էր նա: