ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է ռազմական նոր բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտումն այսօր տեսնում ենք ՀՀ հետ սահմանի Նախիջևանի հատվածում։
«Ես արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ընդգծել էմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղ բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել և մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Փաշինյանը նշել է նաև, որ Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքներ սկսել։
Վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ 2020-ի տարածաշրջանում ստեղծել են նոր իրականություն. ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում։
Երկօրյա այցով ՀՀ-ում գտնվող Միշելը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Միշելն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: