19 հուլիսի 2021 - 17:01 AMT
ՀՀ ԱԳՆ․ Բաքուն, ՀՀ հանդեպ տարածքային պահանջներով, նոր սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի անվտանգությանը

Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային և պատմական կեղծ պահանջներ, փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ մյուս՝ ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար։ Այդ մասին ասել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, գրում է Արմենպրեսը։

Նշվում է, որ, փորձելով հիմնավորել նմանօրինակ շինծու օրակարգը, ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց։

«Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ», - ասել են ՀՀ ԱԳՆ-ից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի կողմից հնչեցված՝ Հայաստանի հանդեպ պատմական պահանջներին, ՀՀ ԱԳՆ-ից նշել են, թե դժվար է ըմբռնել «պատմական» բնորոշման Ադրբեջանի չափանիշները։

«Ստիպված ենք վերստին հիշեցնել, որ պատմությունը երբեք չի կարող լինել մի այնպիսի երկրի ուժեղ կողմը, որի թե՛ աշխարհագրական և թե՛ քաղաքական անվանումը մեկդարյա պատմություն ունի, իսկ ադրբեջանցի անվանումն անգամ դրանից էլ նոր է։

Հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև թշնամություն սերմանելու և պահպանելու Ադրբեջանի ղեկավարության ջանքերը մշտական սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանին ռևանշիզմի մեջ մեղադրելուց առաջ Ադրբեջանը պետք է միջազգային հանրությանը բացատրի, թե որն է Բաքվի «ռազմավարի պուրակի» խորհուրդը, որը ոչ այլ ինչ է քան ռևանշիզմի և մարդատյացության ամոթալի «հուշարձան»։

Հայաստանը շարունակելու է հետևողականորեն հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, էթնիկ զտումների ենթարկված Արցախի տարածքների դեօկուպացիայի և նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն այդ տարածքներ հայ բնակչության վերադարձի դիրքերից։ Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը կարող է նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տևական խաղաղության համար», - ասել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Արևելյան Զանգեզուրը, Արևմտյան Զանգեզուրը՝իրենց պատմական հողն է։ «Հիմա Հայաստանում ասում են, թե Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացնում։ Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր պապերի և նախապապերի հողն է։ Հիմա, բոլոր հաղորդակցությունների բացումից հետո, մենք, անշուշտ, կվերադառնանք, և ադրբեջանական բնակչությունը կվերադառնա։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է՝ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր։ Մեր հայրենի հողը Զանգեզուրն է, մեր հայրենի հողը Սևանն է, Երևանն է։ Մենք, իհարկե, կվերադառնանք»,- ասել է նա:

Նույնաբովանդակ պահանջներ էր ներկայացրել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն։