20 հուլիսի 2021 - 11:34 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 194 նոր դեպք կա և 3 մահ

Հուլիսի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 194 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227,716-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4572 դեպք կա, այլ պատճառով՝ 1111։

Ապաքինվել է ևս 102 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 218,529 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 3503-ի։

Հուլիսի 19-ին կատարվել է 6299 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,277,470 թեստ է արվել: