20 հուլիսի 2021 - 11:36 AMT
Ֆրանսիայի դեսպան․ Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաթոքն անդրադարձել է Երասխում ադրբեջանական զինուժի գնդակոծության հետևանքով իրավիճակի սրմանը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում»,-գրել է նա։

Դեսպանը նաև 2020-ին Երասխում արված լուսանկարներ է հրապարակել, ինչպես նաև ՀՀ քարտեզը։

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։ ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու: