Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշում է կայացրել հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին ազատ արձակել։
Չարչյանն ազատ է արձակվել 10 միլիոն դրամ գրավի դիմաց, տեղեկացնում է Aysor.am-ը։
Դատարանը բավարարել է Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով կամ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու՝ պաշտպանների միջնորդությունը:
Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Ավելի վաղ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Նա մեղադրվում է ԲԿ աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։