21 հուլիսի 2021 - 15:09 AMT
Պեսկով․ ԼՂ մասով եռակողմ պայմանավորվածություններն իրագործվում են Պուտինի ակտիվ մասնակցությամբ

ԼՂ կարգավորման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շատ ակտիվ մասնակցությամբ, նաև իրագործվում են նրա ակտիվ մասնակցությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա հավելել է, որ ԼՂ վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը վատ չի ընթանում, և Պուտինը մշտական կապի մեջ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հիմա զբաղվում ենք պայմանավորվածությունները կյանքի կոչելով և իրականացնելով»,-ասել է Պեսկովը։

Այն հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերում ԼՂ կարգավորմանը միանալու Ֆրանսիայի մտադրությանը՝ Պեսկովը պատասխանել է, որ եթե միջնորդների ջանքերը խաղաղություն են բերում, ապա դա կարելի է միայն ողջունել։

«Եթե միջնորդական ջանքերը խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն են բերում և նպաստում են առկա պայմանավորվածությունների իրագործմանը, ապա դրանք կարելի է միայն ողջունել»,-ասել է Պեսկովը։

Պուտինը, Մոսկվայում ընդունելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, շնորհակալություն է հայտնել վերջինիս Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու համար և հավելել, որ եթե ուզում են կարգավորում, պետք է գնալ փոխզիջումների ճանապարհով։