21 հուլիսի 2021 - 15:12 AMT
Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը: Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշում է կայացրել Չարչյանին ազատ արձակել։ Նա ազատ է արձակվել 10 միլիոն դրամ գրավի դիմաց:

«Պրոֆեսոր Չարչյանը վերցնելու է մանդատն այս փուլում», - ասել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Վարդևանյանի կարծիքով՝ Երևանի դատարանի որոշումը կարելի է համարել արդարադատության հաղթանակ։

«Բոլորիս շնորհավորում եմ։ Ցավոք սրտի, անարդարությունը երկար տևեց, բայց արդարությունը հաղթեց», - ասել է նա։

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Ավելի վաղ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Նա մեղադրվում է ԲԿ աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։