21 հուլիսի 2021 - 16:09 AMT
Քերոբյանի կոչը՝ «բերման ենթարկել» խոպանի գնացած բարեկամներին՝ երկիրը զարգացնելու

էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը կոչ է արել արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ երկիրն ամրացնելու ու զարգացնելու։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ աշխատողների սուր պահանջարկ կա շինարարության և այլ ոլորտներում։

«2021-ի հունիսին աշխատատեղերի շուկան շարունակել է բուռն աճել՝ սահմանելով հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ՝ 643,256, մայիսի նկատմամբ աճելով 8305-ով։ Այս ամենի հետ աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, ԻՏ, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսիի ոլորտներում, հետևաբար, կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»,-ասվում է գրառման մեջ։

Քերոբյանը նաև նշել է, որ 2021-ի հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300 մլն դոլարը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, գործադիրի նիստում անդրադառնալով 2021-ի տնտեսական աճի կանխատեսումներին, հայտարարել է, որ այն վերանայվել է և այժմ տնտեսական աճը 6% է կանխատեսվում։Բյուջեի նախագծով 2021-ի համար կանխատեսվում էր 3.2% տնտեսական աճ։