23 հուլիսի 2021 - 17:58 AMT
Ալիևը նեղսրտել է՝ ԵՄ-ն ՀՀ-ին 2․6 մլրդ եվրո կհատկացնի, «անարդար է»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 2․6 մլրդ եվրո աջակցությանը, հայտարարել է, որ դա անարդար է։

Նա նշել է, որ Ադրբեջանին ԵՄ-ն կհատկացնի 150 մլն եվրո, բայց անհասկանալի է, թե ինչ պայմաններով և երբ։

«Բնականաբար, ես դա անարդար եմ համարում, քանի որ Ադրբեջանը Հարավային Կովկասի ամենամեծ երկիրն է տարածքով, բնակչությամբ, ներուժով»,-ասել է նա, գրում է Moscow-baku.ru-ն։

Ըստ նրա, մինչ օրս երբեք Հարավային Կովկասի երկրներին այդքան խոշոր գումարներ չեն հատկացվել։

«Դա վկայում է այն մասին, որ միջոցները հատկացվել են պատերազմից հետո՝ ստացվում է, որ պատերազմն է նման միջոցների հատկացման պատճառը։ Եթե այդպես է, ապա պատերազմից ամենաշատ տուժած երկիրն Ադրբեջանն է։ Այդ միջոցները պետք է հատկացվեն Ադրբեջանին»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ այդ գումարը Հայաստանին են տալիս։

«Հայաստանում ավերածություննե՞ր կան։ Ոչ։ Ականնե՞ր են տեղադրված։ Ոչ։ Շատ են տուժել օկուպացիայի՞ց։ Ոչ»,-ասել է նա։

Ըստ Ալիևի, նա այդ հարցը քննարկել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ, որն ի պատասխան ասել է, թե Ադրբեջանին միջոցներ պետք չեն։

Եվրամիությունն աննախադեպ՝ 2.6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթ կտրամադրի Հայաստանին՝ աջակցելու համար Հայաստանի առաջնահերթությունների իրականացմանը։