24 հուլիսի 2021 - 15:36 AMT
ԵԱՀԿ-ն կողմերին հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ ՄԽ համանախագահների գլխավորած բանակցություններին

ԵԱՀԿ-ն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով, վերջերս`Երասխ/Սադարակի մերձակայքում գրանցված միջադեպերով և կողմերին հորդորում է կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ ՄԽ համանախագահների գլխավորած բանակցություններին։

Այսպես են կազմակերպությունից պատասխանել Factor.am-ի հարցմանը՝ թե ինչ դիրքորոշում ունեն ԵԱՀԿ-ում ադրբեջանական զորքերի կողմից Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ՝ (հարցումն ուղարկվել էր մինչ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի հայկական դիրքերը Ադրբեջանի կողմից հրթիռակոծվելը)։

«Մենք կողմերին հորդորում ենք պահպանել հանգստություն ու զսպվածություն, զերծ մնալ սադրիչ գործողություններից և հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին»,- ասվում է պատասխանում։

Հուլիսի 19-ին ադրբեջանական ԶՈւ-ն մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։ Հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը: