27 հուլիսի 2021 - 16:30 AMT
ՀՀ, Վրաստանի և Ուկրաինայի իրավապահները 368 կգ տարանցիկ հերոին են առգրավել

ՀՀ, Վրաստանի և Ուկրաինայի իրավապահները 368 կգ տարանցիկ հերոին են առգրավել։ Հատուկ գործողությունը 8 ամիս է տևել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։

Հուլիսի 22-ին Կիևում իրավապահները ձերբակալել են կազմակերպված հանցավոր խմբավորման 2 անդամի, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են։ Նրանց մեղադրում են առանձնակի խոշոր չափերի թմրանյութերի միջազգային տարանցման մեջ, գրում է Sputnik Georgia-ն՝ Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվությանը հղումով։

Քննչական միջոցառումների շրջանակում պարզվել է, որ տարանցիկ բեռում թաքցրած է հերոին տեսակի թմրանյութի առանձնակի մեծ չափաբաժին։ Թմրանյութն Ուկրաինայից պետք է հասցվեր Կենտրոնական Եվրոպա։

Որպես իրեղեն ապացույց ոստիկանությունն առգրավել է 368 կգ հերոին, որի արժեքը «սև շուկայում» մոտ 25 մլն դոլար է։

Քննությունը շարունակում են ուկրաինացի իրավապահները։ Հանցագործության համար նախատեսվում է մինչև 12 տարվա ազատազրկում։