28 հուլիսի 2021 - 10:50 AMT
Զոհրաբյանը՝ Միրզոյանին. Հրատապ է ԱԺ արտակարգ նիստ հրավիրել

ԱԺ արդեն նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով փոխհրաձգությանը և տեղային մարտերին հայ-ադրբեջանական սահմանին, ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանին՝ հորդորելով խորհրդարանի արտակարգ նիստ հրավիրել։

Նա գրել է, որ հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ, որին ներկա լինի նաև վարչապետի պաշտոնակատարն ու ԶՈւ ղեկավար կազմը՝ քննարկելու ստեղծված իրապես պայթունավտանգ իրավիճակը։

«Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ժամ-ժամ մեծանում է։ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները պարբերաբար բոլոր ուղղություններով այլեւս գրեթե ամեն օր սանձազերծում են զինված սադրանքներ և գրոհ։

Ալիևի և նրա քաղաքական ախոռի հռետորաբանությունը կրկին պատերազմական է։

Միջազգային հանրություն կոչվող դանդուռով սալաթը կրկին լուռ է։ Ու մի խնդրանք պաշտպանության նախարարությանը՝ արգելե՛ք Արծրուն Հովհաննիսյանին որեւէ բան գրել եւ խոսել։ Պարզապես փակեք բերանը»,-ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր է:

Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։

Ըստ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։