Նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ` աջակցություն հայտնելով բանակին։ Սարգսյանը վերադառնում է Տոկիոյից Հայաստան և հուլիսի 28-ին կլինի ՀՀ-ում, տղեկացնում է նրա մամուլի ծառայությունը:
Նախագահի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Այս գիշեր Ադրբեջանը հերթական ոտնձգությունն է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպ՝ կրկին հրահրելով ռազմական գործողություններ և հարձակում հայ-ադրբեջանական սահմանին:
Ցավոք, ադրբեջանական զինված սադրանքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ»:
Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել զոհված զինվորականների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել ապաքինում:
«Վստահ լինելով, որ մեր երկրի զինված ուժերն ի զորու են համարժեք գործողություններով հակազդել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, Հանրապետության նախագահն իր աջակցությունն է հայտնում մեր բանակին, ինչպես նաև երկրի սահմանների ու բնակչության անվտանգության և պաշտպանության հարցերում ներգրավված մյուս բոլոր կառույցներին»,-ասվում է նախագահի հայտարարության մեջ:
Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, հայկական կողմն ունի 3 զոհ և 3 վիրավոր։
Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը տեղական ժամանակով ժամը 10։00-ից։