29 հուլիսի 2021 - 10:35 AMT
ԱՄՆ-ն կոչ է արել ՀՀ-ին և Ադրբեջանին վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին բռնությունների սրացման վերաբերյալ և հորդորել կողմերին վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։ Այդ մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Հայտարարության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին բռնությունների վերջին էսկալացիան։

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի իրենց հանձնառությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։

Շարունակվող լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ընդգծում է, որ միայն համապարփակ կարգավորմամբ, որը կներառի դեռևս չլուծված բոլոր հարցերը, հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանի մարդկանց հնարավորություն տալ միմյանց հետ խաղաղ ապրել։ Միացյալ Նահանգները հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության տևական քաղաքական կարգավորման»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Ֆրենկ Փալոունի ներկայացրած փոփոխությունը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունն Ադրբեջանին:

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։