29 հուլիսի 2021 - 11:37 AMT
ՄԱԿ-ը մտահոգված է ՀՀ և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությամբ

ՄԱԿ-ը մտահոգված է ՀՀ և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությամբ։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք աճող մտահոգությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին հաղորդագրություններին, ներառյալ վերջին միջադեպը։ Թեև ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ հաղորդագրությունները, կոչ ենք անում երկու կողմին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը, և առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով», - ասել է Հակը:

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։