29 հուլիսի 2021 - 13:05 AMT
Վարչապետի ժպ․ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին ևս կարող է լուծում լինել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով սահմանային իրավիճակին, հայտարարել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։

Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է ապօրինի կերպով մնալ ՀՀ տարածքում, այլև սադրիչ գործողությունների գնում՝ փորձելով վարկաբեկել ՀԱՊԿ համակարգը։

«Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իբր սադրանք գործադրելու մեջ։ Լինելով ՀԱՊԿ անդամ, որը սեպտեմբերից ստանձնելու է կազմապերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը։ Ես պաշտոնապես բացառում եմ ՀՀ զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն», - ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում, հայկական կողմի համար ընդունելի կարող են լինել միջազգային այլ ֆորմատներ։

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։