30 հուլիսի 2021 - 13:36 AMT
ԱԺ արտահերթում քննարկում են հայհոյանքի քրեականացումը

Ազգային ժողովի արտահերթ նիստում, որը հրավիրվել է «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ, քննարկվում է հայհոյանքի քրեականացումը,, ըստ որի պատիժ է նախատեսվում ինչպես տուգանքի, այնպես էլ կալանքի տեսքով։

ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագծով պատիժ է սահմանվում նաև առցանց հայհոյանքի համար։

Ըստ օրինագծի, անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Իսկ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝ կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անժամանակ է համարել այս հարցի քննարկումը, քանի որ պետականությունը վտանգված է, սահմանները վտանգված են, ամեն օր Ադրբեջանը խախտում է գրավոր ու բանավոր բոլոր պայմանավորվածությունները։

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն նիստին ներկա չեն: