Առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբում քննարկվել են Covid-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումներն ու պատվաստումային գործընթացը։ Առաջարկվել է, որ 18-ից բարձր սովորողները պատվաստման հավաստագիր ներկայացնեն կամ 14 օրը մեկ թեստ հանձնեն։
«Առողջապահության նախարարի հրամանի նախագծով առաջարկվում է, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունից օգտվող 18 տարեկանից բարձր անձինք և նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կամ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող պատվաստման սերտիֆիկատ, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն Covid-19-ի ՊՇՌ թեստի բացասական արդյունք, առավելագույնը 72 ժամ վաղեմության: Տվյալ հետազոտությունն անձն իրականացնում է իր միջոցների հաշվին:
Միաժամանակ, պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող անձը կարող է ներկայացնել հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ»,- ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Հանդիպում-քննարկմանը շեշտադրվել է նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման, փակ տարածքներում դիմակների պարտադիր կրման պահանջի, ինչպես նաև պատվաստումային գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը:
Քննարկվել են նաև կորոնավիրուսային հիվանդության դրական դեպքերի հայտնաբերման, մեկուսացման, կոնտակտավորների հսկողության կիրառվող մեխանիզմներին և հետագա անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:
ՀՀ-ում հուլիսի 31-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230,110 դեպք է գրանցվել, որոնցից 219,864-ն` առողջացած, 4614-ը` մահվան ելքով: Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 4511-ի։