2 օգոստոսի 2021 - 17:54 AMT
Ղազախստանի և Արգենտինայի նախագահները, Ուկրաինայի վարչապետը շնորհավորել են Փաշինյանին

Ղազախստանի և Արգենտինայի նախագահները, ինչպես նաև Ուկրաինայի վարչապետը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է․ «Վստահ եմ, որ պատասխանատու պետական պաշտոնում Ձեր հետագա բեղմնավոր աշխատանքը կնպաստի Հայաստանի կայուն զարգացմանն ու առաջընթացին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ղազախա-հայկական հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը»։

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, շնորհավորելով Փաշինյանին, վերահաստատել է իր կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու ամրապնդել բարեկամության և համագործակցության ավանդական կապերը՝ հիմնված փոխըմբռնման և հարգանքի վրա, որոնք միավորում են Արգենտինան և Հայաստանը։

«Մեր հողի վրա հայկական ծագումով կարևոր համայնքի ներկայությունը նպաստում է այս մտերմությանը և հարստացնում մեր մշակույթը՝ մեզ հիշեցնելով այն ներուժի մասին, որը մենք դեռ կարող ենք զարգացնել մեր բոլոր փոխանակումներում»,-ասվում է ուղերձում։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի շնորհավորական ուղերձում ասվում է․ «Վստահ եմ, որ ձեր պրոֆեսիոնալիզմը և քաղաքական փորձը կնպաստեն Ուկրաինայի և Հայաստանի միջև գործընկերային հարաբերությունների հաստատմանը: Ցանկանում եմ հավաստիացնել, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է բոլոր ոլորտներում հայ-ուկրաինական համագործակցության կառուցողական և փոխշահավետ զարգացմանը», գրում է AnalitikaUA.net-ը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին նշանակել է վարչապետ։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը։Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։