2 օգոստոսի 2021 - 18:43 AMT
ԱԺ նախագահի ընտրությունն ընդհատվել է․ Քվեաթերթիկներում տառասխալ կա

Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկներում տառասխալ կա։ Այդ մասին հայտարարել է ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ սխալը հայտնաբերվել է ընդդիմադիր թեկնածուներից մեկի ազգանվան մեջ։

Նա հայտարարել է, որ ԱԺ նախագահի նոր քվեարկությունը կմեկնարկի 5 րոպեից և կտևի կես ժամ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջարկել է 18։30-ին լրացուցիչ նիստ գումարել ԱԺ նախագահի ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփելու համար։

Ազգային ժողովի առաջին նիստում Ազգային ժողովի նախագահի 3 թեկնածու է առաջադրվել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանին։ «Հայաստան» դաշինքն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի թեկնածությունը։

«Հայաստան» խմբակցության անդամները պահանջել են ազատ արձակել կալանավորված 2 անդամին՝ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին։ Որպես բողոքի նշան նրանք լքել են նիստերի դահլիճը Ալեն Սիմոնյանին թեկնածության ներկայացման ժամանակ։