3 օգոստոսի 2021 - 13:30 AMT
Մարտակերտում խոշոր ՀԷԿ կկառուցվի` վերականգնելու Արցախի էներգետիկ ինքնաբավությունը

Արցախի էներգետիկ ինքնաբավությունը վերականգնելու նպատակով Մարտակերտի շրջանում խոշոր ՀԷԿ կկառուցվի։ Այդ մասին ասվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ օգոստոսի 2-ին ԱՀ էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներին վերաբերող հարցերի շուրջ տեղի ունեցած քննարկման ժամանակ։

Նշվել է, որ Արցախը մինչև 2020-ի թուրք-ադրբեջանական ագրեսիան էլեկտրաէներգիայի տեսանկյունից ինքնաբավ էր, նույնիսկ արտահանում էր էլեկտրաէներգիայի որոշակի ծավալ:

«Արցախի բռնազավթված տարածքներում է մնացել մեր էներգետիկ հզորությունների զգալի մասը, և ԱՀ-ն արտահանող երկրից վերածվել է ներկրողի: Ստեղծված պայմաններում Արցախի տնտեսության վերականգնումը, մեր կենսագործունեությունը մեծապես կախված են էներգետիկ հնարավորություններից: Ուստի, էներգետիկ ինքնաբավությունը վերականգնելու և տնտեսության զարգացումը խթանելու նպատակով որոշել ենք կառուցել նոր խոշոր ՀԷԿ»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

17.6 ՄՎՏ հզորությամբ «Գետավան-1» ՀԷԿ-ը կառուցվելու է Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում:

Մոտ 25 մլն դոլար արժեքով նախագծի մեկնարկը տրվելու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով, սակայն դրան միանալու հնարավորություն կունենան նաև այլ ներդրողներ: