3 օգոստոսի 2021 - 16:21 AMT
SoftConstruct-ի աջակցությամբ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստներին նվիրված համերգաշար է անցկացվել

Ազգային պատմամշակութային ակունքներին վերադառնալու և դրա կարևորությունը տարածելու նպատակով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը` SoftConstruct ընկերության և իր նորարարական պրոդուկտներ PandaMR և Hoory-ի հովհանավորությամբ մայիս - հուլիս ամիսներին Հայաստանի հանրապետության տարբեր անկյուններում կազմակերպել է համերգների շարք` նվիրված ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստների ամենավառ ստեղծագործություններին։

Մասնավորապես, Հայաստանի պետական կամերային նվագախմբի և հրավիրված երաժիշտների ու մենակատարների մասնակցությամբ անցակցվել են մշակութային հասարակական գործիչներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգներ։

Հուլիսի 10-ին Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տանը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ հնչեցրել են մաեստրոյի ամենավառ աշխատանքները։

Հուլիսի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում տեղի է ունեցել բացօթյա համերգ` նվիրված Առնո Բաբաջանյանին։ Համերգին հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Վահագն Հայրապետյան տրիոն և այլոք։ Ներկաներն ունկնդրել են կոմպոզիտորի սիրված ստեղծագործությունների ջազային մշակումները։

«SoftConstruct ընկերությունը հպարտ է աջակցել ազգային արժեքների զարգացման գործին և լինելով նորարարական տեխնոլոգիաների մատակարար ամբողջ աշխարհում` գնահատում և կարևորում է ազգայինը»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։