4 օգոստոսի 2021 - 11:21 AMT
ՄԻՊ․ Ադրբեջանցիները Սյունիքում 8 կով և 1 ցուլ են գողացել

Ադրբեջանցի զինծառայողները գողացել են Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ՄԻՊ աշխատակազմն օգոստոսի 3-ի ահազանգերով պարզել է, որ Ճակատեն գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայրում հուլիսի 26-ին արածացնելու են տարել գյուղի երկու ընտանիքին պատկանող 4 կովի:

«Կենդանիներն, արածելով, հասել են գյուղի «Յուրդեր» անվամբ արոտավայրը և մոտեցել ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքին: Ըստ ահազանգերի՝ ադրբեջանական զինծառայողները կենդանիներին կապել են իրենց հատվածում, թույլ չեն տվել վերադառնալ և, բնակիչները մոտ 5 օր իրենց բնակելի տան դիմացի սարից հեռադիտակով տեսել են, որ կենդանիները գտնվում են «Ջամբար» կոչվող տարածքում, իսկ օգոստոսի 1-ի դրությամբ կենդանիներն արդեն անհետացել են:

Օգոստոսի 2-ին ՄԻՊ աշխատակազմը ևս մեկ ահազանգ է ստացել, որ Դավիթ Բեկ գյուղի բնակիչը գյուղի 3 ընտանիքի պատկանող 6 խոշոր եղջերավոր կենդանիների (1 ցուլ, 5 կով) 2021-ի հուլիսի 14-ին արածացնելու է տարել գյուղին պատկանող՝ մոտ 1.5 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայր:

Գյուղի բնակիչը, կարճ ժամանակ հեռացել է արոտավայրից և վերադառնալուն պես հայտնաբերել, որ կենդանիներից 5-ը չկան․․․ Հեռվում նկատել է, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները դեպի իրենց խորքը քշում կենդանիներին»,-ասվում է գրառման մեջ:

Երկու դեպքերում էլ տեղի ունեցածի մասին բնակիչները տեղեկացրել են գյուղերի վարչական շրջանների ղեկավարներին:

Դեպքերի մասին տեղյակ են պահվել նաև ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչները և ՌԴ սահմանապահները: Ադրբեջանական զինծառայողները հրաժարվում են վերադարձնել կենդանիներին՝ պատճառաբանելով, թե նրանք իրենց մոտ չեն:

Նշվում է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների պատկանող կենդանիների գողությունները, նրանց վնաս պատճառելն ունի պարբերական բնույթ:

«Նշված դեպքերը հաստատում են, որ ՀՀ բնակչության պաշտպանության, իրավունքների երաշխավորման համար Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի: Դա պահանջում է նրանց հեռացում ՀՀ սահմանային գյուղերի հարևանությունից և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներից»,-ասվում է ՄԻՊ գրառման մեջ: