4 օգոստոսի 2021 - 14:43 AMT
Պետբուհերին 7699 հեռակա ուսուցման տեղ է հատկացվել

2021/2022 ուս.տարվա բակալավրի կրթական ծրագրի համար պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղ։ ԿԳՄՍ նախարարի հրամանով ՝ բուհերի ռեկտորներն ուսման վարձի չափը պետք է սահմանեն ոչ ավելի, քան առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված ուսման վարձի չափը:

Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի վճարովի մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցույթին: Դիմորդների դիմում-հայտը և փաստաթղթերը բուհում կամ առցանց եղանակով ընդունվելու են տվյալ տարվա օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 24-ը:

Քննություններն անցկացվելու են սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը: Ընդունվածների ցուցակները հաստատվելու են մինչև հոկտեմբերի 20-ը:

Ըստ «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնների»՝ ՀՀ պետական բուհեր հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:

Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում է բուհը՝ ռեկտորի հրամանով ստեղծելով առարկայական (մասնագիտական) հանձնաժողովներ, կամ համապատասխան պայմանագրի առկայության դեպքում՝ Գնահատման և թեստավորման կենտրոնը:

Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ:

Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև միասնական և ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը: Միասնական և ներբուհական քննություններ չհանձնած դիմորդները քննություն են հանձնում բուհում` համապատասխան առարկաների միասնական քննություններին ներկայացվող պահանջներին համապատասխան: