5 օգոստոսի 2021 - 15:31 AMT
Գորիսի քաղաքապետը կմնա կալանքի տակ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ․ դատավոր Մնացական Հարությունյանը մերժել է պաշտպանության կողմի բողոքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացել է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Հարգելի ընկերներ, ժպիտով ենք վերաբերում այս որոշմանը, քանզի իրականում պարտվողը մենք չենք, այլ դատավոր Մ.Հարությունյանն է, ով երբեք չի դառնա այնպիսին, ինչպիսին են դատավորներ Ա. Ազարյանը, Ա. Վարդանյանը, Վ.Ռշտունին, Մ.Պապոյանը, Ս. Մարաբյանը: Իսկ Առուշանյանը միևնույն է ազատ է արձակվելու, չկասկածեք»,-գրել է նա։

Առուշանյանը կալանավորվել է հուլիսի 16-ին 2 ամսով։

Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։ Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրացուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: